Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրեւները ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս մեկը համարվում է անհետ կորած:
Աղետից ամենից շատ տուժել են երեք շրջաններ՝ Պյեմոնտ, Լիգուրիա եւ Լոմբարդիա: Այդ շրջաններում մասնակիորեն խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը, ջրի տակ են մնացել ավտոճանապարհները, խնդիրներ կան էլեկտրականության հետ: Նոյեմբերի 15-ի կրիտիկական վիճակ է ստեղծվել Միլանում, որտեղ ափերից դուրս են եկել Սեւեզո եւ Լամբրո գետերը:
Նոյեմբերի 16-ի գիշերը աղետը հասել է Վարեզե նահանգ, որտեղ սողանքի հետեւանքով հողի տակ է մնացել մի բնակելի տուն: Այդ պահին տանը եղել է 5 մարդ (16-ամյա աղջիկը, նրա ծնողներն ու տատիկ, պապիկը): Զոհվել են թոռնուհին ու պապը, մյուսներին հաջողվել է փրկել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:
Եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում Ջենովայում: Տղամարդը եղել է մեքենայի ղեկին, երբ վրա է հասել կեղտոտ հեղեղը:











