«Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանն այսօր` նոյեմբերի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում անժամկետ հացադուլի մասին հայտարարություն արեց:
«Ես հացադուլ եմ հայտարարում այնքան ժամանակ մինչեւ արդարացի դատավճիռ չկայացվի: Ես նաեւ հանդիպում եմ պահանջում Արդարադատության նախարարի հետ»,- դատական նիստի ժամանակ ասաց Աշոտ Առուշանյանը:
Այսօր Աշոտ Առուշանյանի փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը, հանդես եկավ պաշտպանական ճառով, որում նշեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը պետք է բեկանվի եւ արդարացման դատավճիռ կայացվի:
«Արդարացման դատավճիռ պետք է կայացվի հետեւյալ հիմնավորումով՝առաջին ատյանի դատարանը, բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշում կայացրեց որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ հանգուցյալ Արտաշես Գալստյանի նախաքնության ժամանակ տված ցուցմունքը եւ Աշոտ Առուշանյանի եւ Արտաշես Գալուստյանի առերես հարցաքննության ցուցմունքը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն դատարանն այդ ապացույցին տալով արժանահավատ վարկած անվանումը, մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դրանով իսկ թույլ է տվել Սահմանադրության եւ Քրեադատավարական իրավունքի խախտում»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:











