Հայաստանի ներկայիս իշխանությունը խեղդել է արհմիություններին: Այդ մասին երեխայի ծնվելու առիթով կանանց նպաստների մասին օրինագծերի քննարկման ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Նույնիսկ դիտարկենք գործատուների փոխհարաբերությունները կանանց հետ: Դուք ձեռնարկությանը չեք պարտավորեցրել աշխատողների սոցիալական աջակցության համար ֆինանսական պահուստներ ստեղծել: Օրենքում գրված է, որ նման պահուստների ստեղծում ողջունելի՞ է: Իսկ դրանք որեւէ մեկը ստեղծե՞լ է: Ո՞վ է հետեւում այս ամենին. արհմիություննե՞րը: Իսկ որտե՞ղ են նրանք: Խեղդվել են ձեր կողմից: Ոչ մի գումար չեն ստանում»- հայտարարեց Բագրատյանը:

Բագրատյանից ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթը սկսեց Բագրատյանի քննադատությամբ: Երբ վերջինս տեղից սկսեց առարկել, Բաբուխանյանը անցավ «դու»-ի: «Հանգստացիր, երբ դու խոսում ես, քեզ ոչ ոք չի ընդհատում: Քո ասած առաջի բառից մինչեւ վերջին բառի հետ ես անհամաձայն եմ, բայց ես ձեզ լսում եմ, դուք էլ բարի եղեք ինձ լսեք: Կարող եք անհամաձայն լինել, ես դրանից միայն շոյված կլինեմ: Ավելի լավ է, հիշիր, թե ով է ժամանակին կտրել արհմիությունների ոտքերը եւ մասնավորեցրել նրանց շենքը», - հավելեց Բաբուխանյանը: