Խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին վերադարձնելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահանջով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ նոյեմբերի 17-ից հացադուլ սկսած՝ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն արդեն երկրորդ գիշերն է լուսացրել գրասենյակի առջեւ: Հացադուլավորի առողջական վիճակը լավ է, նա անժամկետ հացադուլը կշարունակի այնքան, մինչեւ իր պահանջը կատարվի:

«Տղաները դուրս են բերվելու այնտեղից, բայց թե ինչ գնով՝ ժամանակը ցույց կտա: Իմ ասածի ու արածի նպատակն այն է, որ դա չարվի պատերազմական գործողություններով, տղաները խաղաղ ճանապարհով այնտեղից դուրս բերվեն: Իսկ քանի դեռ իրենք այնտեղ են, ես այստեղ եմ»,- NEWS.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:

Հացադուլավորն իր պահանջի կատարման մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի նկատում,  թեեւ իրեն այսօր հանդիպած՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հավատացրել է, որ փորձում են դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծում գտնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը հացադուլ էր սկսել հենց 13.45-ից՝ այն ժամը, երբ խոցվել էր ԼՂՀ ՌՕՈՒ Մի–24 ուղղաթիռը:

Հիշեցնենք, որ ուղղաթիռը խոցվել էր ԼՂՀ եւ ԱՀ  շփման գծի արեւելյան ուղղությամբ ուսումնական թռիչքի ժամանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով: Նախնական տվյալներով՝ զոհվել են ուղղաթիռի երեք օդաչուները: Ուղղաթիռում սպառազինություն չի եղել: Հակառակորդն առ այսօր կրակի տակ է պահում ուղղաթիռի ընկած վայրը՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին: