Նախագահի նստավայրի մոտ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա անցկացնող՝ «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներին, զորակցելու էր գնացել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես այսօր պարզապես եկել եմ անարդարացված մոտեցումը դատապարտելու եւ իրավազուրկ մեր հայրենակիցներին զորակցելու համար: «Նաիրիտի» հարցը Հայաստանի հարցն է, Հայաստանի հարցը հազար ու մեկ խնդիր է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
NEWS.am-ի այն հարցին՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հավատում է, որ նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն, նա գլխով նախագահական նստավայրը ցույց տալով՝ պատասխանեց. «Փաստացի չընտրված դիմացի մայթից հարցրեք»։
«Ժառանգություն» առաջնորդին նաիրիտցիները գրկաբաց չընդունեցին։ Մինչ նա հարցազրույց էր տալիս լրատվամիջոցներին, գործարանի արմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հեգնեց. «Էս Ժառանգության հանրահավա՞ք է էստեղ»։ Նա խնդրեց չքաղաքականացնել իրենց ակցիան։
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը եկել է որպես ՀՀ քաղաքացի, իսկ «Նաիրիտի» խնդիրը միայն նաիրիտցիներինը չէ. «Եթե անջատ-անջատ շարունակենք պայքարը, ոչ մի բան չի փոխվի։ Միայն նաիրիտցիներով չի լուծվի հարցը, ավելի գլոբալ լուծում է պահանջվում»։
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելու իրենց աշխատավարձերի վճարում եւ աշխատանքային պայմանագրերի դադարեցման մասին ստացվող ծանուցագրերի կասեցում:











