Հայ շինարար Մարտիրոս Դեմիրճյանին, ով ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, մեղադրում են զրպարտության մեջ։ Դեկտեմբերի 8-ին Սոչիի Ադլերի շրջանային դատարանում սկսվել են այդ գործով քննարկումներ։

Դեմիրճյանի շահերը ներկայացնող «Հասարակական վճիռ» հիմնադրամի փաստաբան Ալեքսանդր Պոպկովը հայտարարել է, որ դատական նիստերի արձանագրություններից անհետացել են վկաների կարեւոր ցուցմունքները. խոսքը ոստիկանության ծառայողի մասին է, ով խոսել էր կտտանքերի մասին, եւ բժիշկների, ովքեր հաստատել էին, որ Դեմիրճյանը վատ է եղել: Պաշտպանող կողմի առանցքային վկա Սերգեյ Քրբաշյանին, ով ձերբակալվել էր Դեմիրճյանի հետ եւ գտնվում է կալանքի տակ, դատարանը հրաժարվել է հարցաքննել, հայտնում է հայտնում է Grani.ru-ն։

Փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն հայտարարել է, որ մեղադրանքը կազմվել է ոստիկանների ցուցմունքներից, որոնք եւս շահագրգիռ անձինք են, եւ առաջակել է քրգործի նյութերը վերադարձնել նախաքննության, փոխանցում է «Կավկազսկի ուզելը»։

Հիշեցնենք, 4 երեխայի հայր Մարտիրոս Դեմիրճյանին Սոչիի օլիմպիական քաղաքի շինարարական աշխատանքների ժամանակ ոստիկանները ծեծել եւ բռնաբարել էին լինգով, քանի որ նա համարձակվել էր աշխատավարձ պահանջել։ Մի քանի օր անց Սոչիի ՆԳՎ-ն միջնորդություն էր ուղարկել ՌՔԿ՝ Դեմիրճյանին զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։  Գերատեսչություն էին դիմել նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավորներ՝ խնդրելով հետաքննել ոստիկանական կամայականության հարցը։

Ավելի ուշ պատգամավոր Դմիտրի Գուդկովը հրապարակել էր ՌՔԿ-ի պատասխանը. «... ստուգման ընթացքում՝ Դեմիրճյան Մ. Ա.-ի մոտ հայտնաբերված վնասվածքները հենց ոստիկանության աշխատակիցների կողմից հասվցելու փաստը չի հաստատվել, ինչի կապակցությամբ էլ տվյալ փաստով ներկայումս քրեական գործ հարուցելու հիմքեր չկան»:

Դատարանի հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին: Սպասվում է, որ Մարտիրոս Դեմիրճյանը հանդես կգա իր վերջին խոսքով: