Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի համար ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատրաստ է անել այն ամենը, ինչ արել է իր երեք զավակների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ին ասաց Հրայր Թովմասյանը, որը եկել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ այսօր վիրահատել էին փոքրիկին:

«Իմ ընտանիքի որոշումն է, իմ կնոջ նախաձեռնությունը, հիմա բոլորով աղոթում ենք, որ այդ երեխան փրկվի եւ առողջ լինի: Դրանից հետո ինչ-որ ես արել եմ ու անելու եմ իմ երեք երեխաների համար՝ առողջություն, կրթություն, հանգիստ, ես այդ երեխայի համար անելու եմ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ երեխայի բարեկամների հետ դեռ չի խոսել:

Վիրահատությանը մասնակցելու համար Սանկտ-Պետերբուրգից անվանի պրոֆեսորին հրավիրելու նախաձեռնությունը Հրայր Թովմասյանինը չէ, թեեւ նա այս հարցում իր օգնությունն առաջարկել է։

Հրայր Թովմասյանը վստահ է, որ փոքրիկի հարազատները նրա մասին հոգ կտանեն, հակառակ դեպքում պատրաստ է իր տուն տանել նրան ու հոգ տանել. «Հայ երեխա է, որի ծնողները մահացել են, եւ չի կարելի թողնել այդ երեխային»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ առայժմ այդ մասին խոսելը վաղ է, հիմա միայն պետք է աղոթել, որ երեխան հաղթահարի ճգնաժամը։

Նշենք, որ այսօր 6-ամսական Սերյոժային երկրորդ անգամ էին վիրահատել՝ կատարելով գլխուղեղի փորոքների դրենավորում: Վիրահատությանը մասնակցել էր Սանկտ Պետերբուգրից ժամանած անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը, վիրահատությունը տեւել էր 20 րոպե:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: