Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործը ոչ թե քրեական, այլ հասարակական-քաղաքական գործ է, որը քաղաքական լուծում է ունենալու: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում նշեց Արգիշտի Կիվիրյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով իր դեմ հարւցված քրեական գործը, եւ մի քանի վարչական գործերը՝ կարելի է ասել, որ իր նկատմամբ իրականացվում է «գլոբալ հետապնդում»։
«Արդեն 2-րդ տարին է՝ մենք այս գործի ոչ մի իրավական հիմք չտեսանք: Իմ պաշտպանները եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում ներկայացրին այն ամենը, ինչը միանշանակորեն թույլ է տալիս եզրակացնել, որ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ: Իշխանությունները փորձել են այդ կերպ խափանել իմ հասարակական գործունեությունը»,- ասաց Կիվիրյանը:
Վերլուծաբանի խոսքով` 2013թ. օգոստոսի 24-ին ինքը մասնակցել է Կոմիտաս 5 հասցում տեղի ունեցող բողոքի ակցիային, որպեսզի նման ապօրինությունները չկրկնվեն հասարակության մյուս անդամների հետ եւ մեկ օր էլ իր «դուռը չթակեն»: Իսկ իր դեմ քրեական գործ հարուցելով` իշխանությունները, ըստ Կիվիրյանի, փորձել են կանխել այդ օրերի հասարակական համերաշխության դրսեւորումները եւ ստիպել բնակիչներին հրաժարվել իրենց իրավունքների համար մղվող պայքարից:
«Իմ դեմ քրեական գործ հարուցելով եւ ապօրինություններ թույլ տալով՝ փորձեցին վախ սերմանել հասարակության շրջանում: Դրանից հետո Կոմիտաս 5-ի բնակիչները հրաժարվեցին իրենց իրավունքների համար պայքարից, որովհետեւ շահարկվում էր այն թեման, որ եթե Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվում է քրեական գործ եւ առաջադրվում է մեղադրանք, ձեր դեմ հաստատ կհարուցվի»,- ասաց Կիվիրյանը:
Կիվիրյանի խոսքով՝ իր դեմ հարուցված գործով տուժող ճանաչված ոստիկան Վահան Վրթանեսյանի բարոյական կերպարը հասկանալու համար բավարար է դիտել մի քանի օր առաջ նախագահական նստավայրի առջեւ բողոքի ակցիայի տեսագրությունները, որտեղ երեւում է՝ ինչպես է վերջինը փողոցով քարշ տալիս բողոքի խաղաղ ակցիա անող՝ բանակում զոհված զինծառայողների մայրերին։
Նշենք, որ ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել դատավարական կողմերի հարցերին`առաջ քաշելով այն հիմնավորումը, որ ինքն արդեն մանրամասն նկարագրել է կատարվածը, իսկ լրացուցիչ հարցերը «կվիրավորեն իր անձը»:
Կողմերը ճառերով հանդես կգան հաջորդ դատական նիստին` մարտի 11-ին:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:











