Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ Արմեն Պետրոսյանը, Արթուր Իսրայելյանը եւ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Էդգար Ղումաշյանը մեղադրվում են տրանսֆորմատորների գողության մեջ:

Դեռ անցած տարվա հունիսին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարզի գյուղերից մեկից տրանսֆորմատոր են գողացել: Ավելի ուշ նման ահազանգեր ստացվել են նաեւ Արագածոտնի եւ Արարատի մարզերից:

Ոստիկանության աշխատակիցները համալիր գործողությունների արդյունքում կարողացել են պարզել, որ հիշյալ գողությունները հնարավոր է կատարած լինեն Արմեն Պետրոսյանը, Արթուր Իսրայելյանն ու Էդգար Ղումաշյանը:

Այս տարվա փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ոստիկաններին հաջողվել է գտնել եւ բերման ենթարկել Արմեն Պետրոսյանին եւ Արթուր Իսրայելյանին: Պարզվել է, որ նրանք, գողանալով տրանսֆորմատորներ, վաճառել են 1000-1200 ԱՄՆ դոլարով կամ իրացրել Արթուր Իսրայելյանին պատկանող ՍՊԸ-ում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արմեն Պետրոսյանն ու Արթուր Իսրայելյանը կալանավորված են: Ոստիկանությունը փնտրում է Էդգար Ղումաշյանին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: