«Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթը դեպի Գյումրի այսօր՝ մարտի 7-ին, ավարտվել է Գյումրի չհասած՝ մարզկենտրոնին հարակից Ազատավան գյուղի մոտ: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթի մասնակիցները որոշեցին Երեւան վերադառնալ Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցից հետո, երբ նա անվտանգության երաշխիք չտվեց ավտոերթի մասնակիցներին:

«Մենք վախ ունենք, որ հենց մտնենք քաղաք, բախումներ կլինեն, մեզ վրա հարձակումներ կլինեն, մեր անվտանգությունն ապահոված չէ, ծուղակ են լարել մեր դեմ: Մենք արդեն 4 ժամ է՝ ահազանգում ենք, ստեղծված իրավիճակի մասին, բայց ոչ մի ռեալ քայլ իրավապահների կողմից չի կատարվել: Գյումրու մատույցներում մեր  դրոշակները հափշտակել են, փորձել են վեճ սարքել, մերոնք խուսափել են: Հիմա մենք հետ ենք կանգնում, որովհետեւ մեզ վրա հարձակվելու ռեալ վտանգ կա: Մենք պետք է գիտակից լինենք եւ տաքգլխություն չանենք, ժամանակից շուտ ուժերը ջլատելու կարիք չկա: Սա աջակցություն կլինի ռեժիմին: Նա էլ հենց ուզում է սադրել մեզ, որ մենք էլ սադրանքի խայծը կուլ տանք, եւ իրենք կարողանան իրենց պլանն իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:

Ավտոերթի մասնակիցները հայտարարեցին, որ Գյումրի հաջորդ այցելությունը կլինի մոտ օրերս ոչ թե իրազեկման ավտոերթի, այլ հանրահավաքի նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր՝  ժամը 09: 00-ին, «Հիմնադիր խորհրդարանը» իր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակներում իրազեկման ավտոերթով ուղեւորվել էր Գյումրի,  չնայած, նրանց խոսքով, նախօրեին տեղի քաղաքապետարանի, ոստիկանության եւ  «կրիմինալ շրջանակների» կողմից ստացված սպառնալիքներին: Գյումրիի մոտ մի քանի տասնյակ երիտասարդներ փորձել էին խոչընդոտել նրանց մուտքը քաղաք՝ նշելով, որ իրենց քաղաքում նրանց չեն սպասում։