Ավտոմրցարշավների բազմակի մրցանակակիր, ֆրանսահայ Նիկոլա Մինասյանն առաջին անգամ Հայաստան է այցելել: NEWS.am-ի հետ զրույցում մրցարշավորդը խոսել է այցի նպատակի, առաջին տպավորությունների, հայկական արմատների, Հայաստանում մարզադպրոց բացելու ծրագրի եւ իր հետագա կարիերայի մասին։
Պարոն Մինասյան, պատմեք Ձեր ընտանիքի, արմատների մասին:
Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի, ես էլ ծնվել եւ մեծացել եմ Ֆրանսիայում: Հայրական կողմս Մուշից է, տատիկս եւ պապիկս 1915թ. Մուշից գաղթել են Ֆրանսիա: Նրանք իրենց հետ Ֆրանսիա են տարել հայկական բոլոր ավանդույթները: Տատիկս մեզ համար միշտ հայկական ճաշատեսակներ էր պատրաստում: Հայկական դոլման իմ ամենասիրած ուտելիքն է:
Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ավտոմրցարշավով:
Մեր ընտանիքում բոլորն են մեքենա սիրում, թեեւ ես միակն եմ, որ զբաղվում եմ սրանով: Հայրս անձամբ երբեք մրցարշավների չի մասնակցել, բայց ինձ միշտ տարել է մրցումներ դիտելու։ Ընտրել եմ սա, որովհետեւ տեսակով խենթ եմ եւ սիրում եմ ամեն ինչ՝ կապված «դրայվի» հետ: Մրցարշավների սկսել եմ մասնակցել բավական հասուն տարիքում՝ 17 տարեկանում: Իսկ մեքենա վարել սովորեցրել է հայրս, ես պարապում էի ամբողջ շաբաթ, նույնիսկ հանգստյան օրերին եւ արագ սերտեցի ամեն ինչ: Շուտով մենք գտանք հովանավոր, եւ սկսեցի մասնակցել ֆրանսիական եւ միջազգային առաջնությունների:
Ավտոմրցարշավների վտանգավոր լինելը Ձեզ երբեք չի՞ վախեցրել:
Կյանքն էլ է վտանգավոր, դու կարող ես փողոցում քայլել, եւ գլխիդ քար ընկնի, կամ հնարավոր է՝ մեքենան վրաերթի ենթարկի քեզ: Երբեք վտանգների մասին չեմ մտածել: Երբ մտածեմ վտանգի մասին, այլեւս չեմ մասնակցի մրցարշավների, քանի որ իմ մասնակցությունը լրիվ այլ կլինի: Կարծում եմ՝ հիմա կարիերաս ավարտին է մոտենում, շուտով թերեւս կպակասեցնեմ մրցումներս:
Պարոն Մինասյան, առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք։
Հայաստան ոտք դնելուն պես անընդհատ մտածում եմ տատիկիս մասին: Նա միշտ խոհանոցում էր, համեղ ուտելիքներ էր պատրաստում, հյուրեր ընդունում: Հայաստանում բոլորը բարեհամբույր են: Ինձ մոտ բացակայում է զգացողությունը, թե առաջին անգամ եմ Հայաստանում, ինձ թվում է՝ շատ անգամ եմ եղել այստեղ: Հիացած եմ Հայաստանի ճարտարապետությամբ: Կարծում եմ՝ հայերը շատ խելացի են, որ կարողացել են նման բաներ ստեղծել:
Հայաստան գալու նպատակը, կարծում եմ, միայն ճամփորդելը չէ։
Երեւանում եմ Արթուր Գորոյանի (B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ- հեղ.) հրավերով: Պետք է հասկանալ, թե ինչպես կարող եմ օգնել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային: Բացի դրանից՝ նպատակ ունեմ մարզադպրոց բացել Երեւանում: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էլ ենք այդ թեմայով խոսել, նա խոստացել է անհրաժեշտության դեպքում աջակցել դպրոցի ստեղծմանը:
Ավտոմոտոսպորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում:
Կամաց-կամաց զարգանում է, ֆեդերացիան նոր է, Արթուր Գորոյանն էլ Հայաստանը ներկայացնող առաջին ավտոարշավորդն է, որը մասնակցում է միջազգային մրցումների: Վատ է, որ Հայաստանում այս մարզաձեւով միայն տղաներն են զբաղվում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ աղջիկների մոտ նույնպես հետաքրքրվածություն առաջանա այս մարզաձեւի նկատմամբ:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ձեզ կտեսնե՞նք Երեւանում:
Շատ եմ ուզում գալ, բայց կախված է իմ գրաֆիկից: Ամեն դեպքում, ամբողջ տարին մրցումների մասնակցելու եմ անմոռուկի նշանով:
Աիդա Հովհաննիսյան











