Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ մարտի 11-ին, թեմի երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Թեմի երիտասարդները տոնական սեղան էին պատրաստել՝ տասը ուտեստներով, որոնք ճաշակեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունից հետո: Թեմի երիտասարդներն այս տոնը նշում են արդեն երկրորդ տարին: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի հետ զրույցում Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը պատմեց, որ Միջինքը կիսում է Մեծ պահքը, այն Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի կամ 24-րդ օրն է: Միջինքից սկսած՝ երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգել Ստեղի շարականները:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով՝ Միջինքը հոգեւոր տոնական նշանակություն չունի եւ ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով:
«Սա մի հանգրվան է, որ հավատացյալը 24 օր պահք պահելով գալիս է մի տեսակ նստելու, շունչ քաշելու ու նոր շնչով դեպի տիրոջ սուրբ հարությունը, դեպի հաղթանակ գնալու»,-ասաց Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանը:
Ըստ ժողովրդական ավանդության՝ հայ տանտիկինները Միջինքի օրը բաղարջ են թխում, մեջը մետաղադրամ դնում, որը հաջողություն է բերում նրան, ում բաժին է ընկնում:
«Մենք, մի փոքր խախտելով ավանդույթը, մետաղադրամի փոխարեն արծաթյա խաչեր ենք տեղադրել բաղարջների մեջ եւ սովորույթի համաձայն ասում են՝ ում որ մետաղադրամը հասնի նրան հաջողություն է սպասվում: Մեր նպատակն է ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները վեր արթնացնել, ամուր պահպանել եւ տարածել ժողովրդի շրջանում, քանի որ արմատներին անդրադառնալու լավագույն միջոց է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սբ. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամ Միլենա Խլոյանը:











