Արցախյան պատերազմի ժամանակ՝ Խոջալուն ազատագրելիս զոհված Գրիշա Հարոյանի ու Սամվել Ապրեսյանի դեպքը մարտական ընկերները հիշում են առանձնակի ափսոսանքով. տղաներին սպանել է այն ադրբեջանցիներից մեկը, որը հենց Հարոյանի ու Ապրեսյանի օգնությամբ էր մարդասիրական միջանցքով անցնել սահմանը։
«Խոջալուի դեպքերի ժամանակ, երբ հայկական կողմը մարդասիրական միջանցք էր բացել ադրբեջանցի բնակիչների համար, 15-20 հոգի կին են եղել, մեր տղաները օգնել են, որ սահմանն անցնեն: Հենց անցել են սահմանը, նրանցից մեկը, որ պարզվում է՝ զինվորական է եղել կնոջ հագուստով, հագուստի տակից ավտոմատը հանել ու կրակել է: Եվ Գրիշան, եւ Սամվելը մահացել են. մեկը տեղում, մյուսը՝ հիվանդանոցում»,- պատմում է ազատամարտիկ Սամվել Աղաջանյանը:
Սամվելի խոսքով՝ Գրիշայի ու Սամվելի պատմությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Խոջալուում մարդասիրական միջանցք եղել է, ավելին՝ հայկական կողմը ադրբեջանցի բնակչությանն օգնել է անցնել սահմանը, ոչ թե ինչպես ադրբեջանական կողմն է պնդում՝ կոտորել նրանց:
«Մեզ հրաման է եղել, որ խաղաղ բնակչությանը տանք մարդասիրական միջանցք: Ինչ դեպքեր որ ցույց են տալիս ադրբեջանցիները, թե իբր մենք ցեղասպանություն ենք իրականացրել, կատարվել է իրենց կողմից սարերի փեշերին՝ մեր սահմանից այն կողմ»,- ասում է Սամվել Աղաջանյանը՝ ցույց տալով այն ժամանակ հայկական դիրքերից 7 կմ հեռու, ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող Աղդամ քաղաքի մոտակայքը՝ հիշելով, որ Խոջալուի բնակիչները զոհվել են հենց այդ տարածքում:
Սամվել Աղաջանյանը, որն այժմ ԼՂՀ Ասկերանի շրջանի ազատամարտիկների միության նախագահն է, պատմում է, որ հայկական կողմը ադրբեջանցի բնակչությանը նախապես զգուշացրել է լքել տարածքը: Դրանից հետո ադրբեջանցիների հետ կատարվածն անսպասելի ու զարմանալի է եղել իրենց համար. «Աղդամին կպած Խոդոռու գյուղ կա, իրենց պուշկեքն են եղել այդտեղ կանգնեցրած, այդտեղ երկու-երեք անգամ ժողովրդի մեջ սնարյադով կրակել են: Մինչեւ հիմա արկի ընկած տեղը երեւում է։ Իրենք են սպանդը կազմակերպել, հիմա էլ չգիտեմ ինչու աշխարհով մեկ ասում են, որ հայերը սենց են արել, նենց են արել: Երեւի իրենք մտածել են՝ մենք պիտի կոտորենք էդ ժողովդրին, որ ասեն` հայերը ցեղասպանություն են կազմակերպել, իրենք սպասել, տեսել են՝ չենք անում, մեր սահմանը անցել են, մոտիկացել են իրենց, ստիպված էդքան բանը կազմակերպել են»:











