Տարիներ շարունակ հնչող գաղափարը՝ ամբողջական, համակարգային իշխանափոխությունը, դեռ չենք իրականացրել, որի պատճառները տարբեր են` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:
«Կարծում եմ՝ օբյեկտիվ պատճառն այն է, որ քաղաքաքական ուժերը չեն կարողացել բավարար կազմակերպվել եւ ցուցադրել հավաքական կամք՝ միասնական օրակարգով, միասնական գործողություների ծրագրի ներքո:
Սուբյեկտիվը այն է, որ Հայաստանի Հանարապետության քաղաքացիները չեն գնահատել իրավունքի գերակայության համար մղվող երկար պայքարի անհրաժեշտությունը եւ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն ու պարտականությունը:
Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների համար մենք դեռ չենք ապրել մեր հայկական հեղափոխությունը:
1996 թվականից ի վեր մենք փորձել ենք ընդվզել միայն կեղծված նախագահական ընտրությունների դեմ, ինչը չի ունեցել հաջողություն:
1996 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տեւեց 3 տարի: 1998 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Ռոբերտ Քոչարյանի կողմից շարունակվեց 10 տարի, 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Սերժ Սարգսյանի կողմից շարունակվում է առ այսօր:
Մեզ պատկանող իշխանությունն արդեն 20 տարի գտնվում է բռնազավթիչների ձեռքում:
20 տարի է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության բռնազավթման փաստի վերաբերյալ մենք ազգովի հավաքական դատապարտման գործընթաց չենք նախաձեռնել, ինչը ծնել է շարունակական անպատժելիություն եւ իշխանության բռնազավթման որկրամոլություն:
Որկրամոլ Սերժ Սարգսյանը, չկարողանալով զսպել իր կողմից իշխանության բռնազավթման ախորժակի պահանջը, «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո ցանկանում է եւս երկարաձգել իշխանության բռնազավթումը:
Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված Սահմանադրական բարեփոխումները ենթադրում են համապետական ընտրական գործընթաց, որին հայ հանրությունը դեմ է եւ այդ դեմ լինելու գործընթացը պետք է դրսեւորվի կազմակերպված դիմադրությամբ, որի արդյունքը պետք է լինի համակարգային իշխանափոխություն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությամբ եւ ՀՀ Ազգային Ժողովի լուծարմամբ:
«Ժառանգությունը» շարունակում է պայքար մղել համակարգային իշխանափոխության համար եւ հրավիրում է հերթական հանրային հանդիպմանը, որը կկայանա սույն թվականի մարտի 20-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարարակում:











