Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը չի հավատում հոր մահվան վերաբերյալ ոստիկանության պաշտոնական վարկածին, ըստ որի նա ինքնասպան է եղել: NEWS.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց, որ ինքը սեփական հետաքննությունն է անցկացրել եւ պարզել, որ 2013թ. հուլիսի 25-ին հորը՝ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին, սպանել են:
«Կատարվել է սպանություն, ինչից հետո իմ հորը տարել, կախել են: Գործը կարճել են, դին դատախազությունը թաքցրել է, տեղը չի ասել, հետո դեմքին գրիմ են արել, բերել են տուն: Երբ թրջոցներ դրեցի, գրիմը մաքրվեց եւ դեմքին տեսա կապտուկներ, քերծվածքներ, քիթն էլ կոտրված էր»,-ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունն իրենց չի տրամադրել թաքցրել է հոր դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Հոր դեմքին վնասվածքներ տեսնելուց հետո Գայանեն անկախ փորձագետ է պահանջել, որպեսզի պարզի՝ ինչի հետանքով են առաջացել վնասվածքները, սակայն դատախազությունը չի թույլատրել: Գայանեն պատմեց, որ դրանից հետո ոստիկանները շրջափակել են իրենց տունը եւ հորդորել շուտ հուղարկավորել հորը:
Գայանեի խոսքով՝ դեպքից 10 օր առաջ հայրն աշխատանքի է ընդունվել Արարատի քարի արտադրամասու, որտեղ նրան կասկածել են գողության մեջ. «Երկար տարիներ չաշխատելուց հետո հայրս մոտավորապես 10 օր աշխատում էր Արարատի քարի գործարանում որպես բանվոր: Փորձել է քարի փոքր ջարդոններ տեղափոխել տուն բակը վերանորոգելու համար, գործարանի պետի տեղակալն էլ ասել է, որ պետք չէ այդ մասին պետին տեղյակ պահել. մի քիչ խմիչք, ուտելիք կբերես, քարը կտանես»:
Գայանեի խոսքով՝ քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, իմացել են այդ մասին, ծեծել են իր հորը, սպառնացել, որ կսպանեն:
«Նույնիսկ մեր տան վրա էին հարձակվել, ասում էին՝ մեր վրից ուզեցել է բան տանի, մեր վրից բան տանող հլը իրա մամայից չի ծնվել, դուք կտեսնեք՝ ինչ կանենք»,- պատմեց Գայանեն:
Մահացած Գյանջիրով Հովհանյանի կինը՝ Ժաննա Հովհանյանն էլ պատմեց, որ ամուսնուն ծեծելու հաջորդ օրը կանչել են աշխատավայր, ամուսինն էլ տնից դուրս է եկել, որ գնա հիվանդանոց, ապա՝ աշխատավայր, եւ չի վերադարձել: Հաջորդ օրը ոստիկանությունից նրանց տեղեկացրել են, որ ամուսնու կախված դին են գտել Ավշար գյուղի մոտ:
«3-4-ի կողմերն էր, զանգեցի, ասեցի՝ ո՞ւր էս, արի տուն, ասեց գրողի ծոցն եմ, կգամ էլի, հաց դիր, գալիս եմ: Հացը դրեցի, հացս մնաց սեղանին, ամուսինս չվերադարձավ, մինչեւ ժամը 7-ը զանգեցի, դրանից հետո հեռախոսը դարձավ անհասանելի»,- պատմեց տիկին Ժաննան:
Ժաննա Հովնանյանի խոսքով՝ ամուսնու մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակի բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք: Այս որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն:
Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության ներկայացրած բողոքը: Գայանե Հովնանյանի փաստաբան Գարիկ Մալխասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչի այս որոշման հիման վրա քրեական գործ պետք է հարուցվի եւ նախաքննություն իրականացվի:
«Վերաքննիչ դատարանը այս դեպքում արդարադատություն իրականացրեց, քանի որ նախաքննության ընթացքում խախտումներն ակնհայտ էին: Եթե դատախազը Վճռաբեկ դատարան չբողոքարկի, ապա նոր քրեական գործ պետք է հարուցվի եւ նախաքննություն պետք է սկսվի»,-ասաց Գարիկ Մալխասյանը:











