«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի քաղաքական ակտիվության վրա նրա նշանադրությունը չի ազդի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ին ասաց Անի Զախարյանը, որը նախորդ օրը նշանադրվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ազգային ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրազյանի հետ:
«Միշտ էլ երկրպագուներ եղել են, պարզապես ես պետք է զգայի, որ այդ նա այն մարդն է, որը չի խոչընդոտի իմ ազատությանը, թույլ կտա, որ ես լինեմ այնպիսին, ինչպիսի կամ, չի խոչընդոտի նաեւ իմ քաղաքական գործունեությանը: Ես պիտի շարունակեմ ու ավելի լուրջ քայլեր անեմ քաղաքական դաշտում: Անձնականում փոփոխութունները կնպաստեն իմ քաղաքական գործունեությանը, այսօրվանից ես սկսել եմ կրկին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել»,- ասաց Անի Զախարյանը:
Անի Զախարյանը պատմեց, որ իր ընտրյալի հետ ծանոթացել է համացանցի միջոցով:
«Ես սկզբում չէի մտածում, որ Արսենը հենց նման մտադրություններ ունի եւ որպես հաճելի մարդ պարզապես շփվում էինք՝ մի օր կինո, մի օր թատրոն, մի օր ցուցադրության, մի օր համերգ: Հետո մի պահ Արսենը խաղաքարտերը բացեց եւ ես հասկացա, որ առաջին իսկ հանդիպումից իր մտքին իմ առումով լուրջ նպատակներ են եղել»,- ասաց Անի Զախարյանը՝ նշելով, որ նշանադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Անի Զախարյանը դեռ չի որոշել պսակադրության օրն ու վայրը:











