Տաքսիների լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող՝ հարյուրից ավելի անհատ տաքսու վարորդներ այսօր՝ մարտի 15-ից, իրենց ավտոմեքենաներով բողոքի ավտոերթ անցկացրին մայրաքաղաքում (ֆոտոռեպորտաժ):

Տաքսու վարորդները ազդաշնաններ տալով Հրազդան կիրճից շարժվեցին դեպի Կիեւյան փողոց, որտեղից էլ՝ Բաղրամյան պողոտա: Ավտոերթը անցավ նաեւ Պռոշյան, Տիգրան Մեծի, Արցախի փողոցներով եւ ավարտվեց Էրեբունի փողոցում:

«Մարդ մի 4000 դրամ փող է աշխատում, դա էլ են եկել ուզում տանեն: Այն ժամանակ 24  հազար դրամ էր, հիմա ամիսը 12 հազար դրամ պետք է վճարենք լիցենզավորման համար: Դա որ վերածում ենք տարեկանի, մեծ թիվ է կազմում: Ու չենք էլ իմանում ինչի համար ենք տալիս էդքանը: Ինչի՞ համար, կամ ո՞վ է ուզում մեր երեխուց մի կտոր հացը խլել: Մենք պահանջում ենք, որ լիցենզիան հանեն, կամ հավասարաչափ լինի, մի ստաբիլ գին որոշեն, դրանով լինի, ոչ թե կեսի համար 5, կեսի՝ համար 8, մյուս մասի համար 12 հազար լինի: Մարզի մեքենան մեքենա՞ չի, որ այնտեղի ավտոմեքենաների համար ավելի ցածր գին են սահմանել»,- NEWS.am-ին ասաց  վարորդներից Բագրատ Բաղդասարյանը:

Տաքսու վարորդները պահանջում են նոր կարգի կիրառման դեպքում իրենց համար արտոնություններ սահմանել. անվճար դարձնել կարմիր գծանշաններով սահմանազատված վճարովի ավտոկայանատեղիները, ապահովել իրենց հաշվիչներով, մայրաքաղաքի երթուղայինների կանգառներում հատուկ տարածք առանձնացնել տաքսիների կանգառի համար:

«Մենք պահանջում ենք, որ գոնե 10 րոպե թույլ տան երկրորդ շարքում կանգնած սպասարկել ուղեւորներին: Շատ ժամանակ ուղեւորը այդ վայրում ուզում է օիջնել, բայց կանգնելու տեղ չկա, ստիպված կանգնում ենք երկրորդ շարքում: Այդ 600 դրամի համար տուգանվում ենք 5000 դրամով»,- ասաց  Բագրատ Բաղդասարյանը:

Տաքսու վարորդները մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիաները:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am