ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր մեկ տասնյակից ավելի համախոհների հետ, այսօր՝ մարտի 16-ին, 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագիրը դատապարտող ուղերձ հանձնեց ՀՀ ԱԳՆ եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն: ԱԻՄ առաջնորդն իր համախոհների հետ Հայաստանի եւ ԵՄ դրոշներով հանրապետության հրապարակից երթով շարժվեց դեպի ՀՀ ԱԳՆ, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
«Ցեղասպանությունը, որպես մեծագույն հանցագործություն, այնպիսի բացասական հետեւանքներ չէր ունենա, ինչպիսին ունեցավ 1921թ. մարտի 16-ի պայմանագրի հետեւանքով: Մարտի 16-ի պայմանագիրը եղավ այն կնիքը, որով Ցեղասպանությունն ընդունվեց որպես օրինաչափ երեւույթ: Այդ պայմանագրով չեղյալ հայտարարվեց Վիլսոնյան պայմանագիրը, որը մեր ճակատագիրը որոշող կարեւոր միջազգային պայամանգիր էր, որով Թուրքիային անցավ Արեւելյան Հայաստանը՝ Կարսը, Արդահանը, Ադրբեջանին հանձնվեց Նախիջեւանը: Հետագայում այդ պայմանագրով մենք ունեցանք Արցախի խնդիրը, որը Ռուսաստանը ստեղծեց, որպեսզի մեզ մշտական կախվածության մեջ պահի: Այսօր էլ այդ պայմանագիրը գործում է, եւ այդ պատճառով մենք ուղերձ ենք հանձնում ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրկիյանը պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի է համարում, քանի որ, նրա խոսքով, երկու երկրներ չեն կարող պայմանագիր կնքել երրորդի մասին առանց վերջինի կարծիքը հաշվի առնելու:
«Մեր ղեկավարությանը կոչ եմ անում բոլոր միջազգային ատյաններում հստակ դիրքորոշում հայտնել այս պայմանագրի վերաբերյալ եւ դիվանագիատական, միջազգային, իրավական լծակներով Թուրքիայից եւ Ռուսաստանից պահանջել հրաժարվել իրենց պայմանագրերում Հայաստանին վերաբերող դրույթներից»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ուղերձները հանձնելուց հետո ԱԻՄ-ականները երթով շարժվեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը ստորագրեցին պայմանագիր, որով հայկական Կարսը անցավ քեմալականներին (Թուրքիայի Հանրապետություն 1923թ.-ից), իսկ հայկական Նախիջեւանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին, մասնավորապես հայկական երկու նահանգների՝ Նախիջեւանի եւ Կարսի կորուստին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











