Վանաձորում ոստիկանները բռնել են մոտ երկու տասնյակ մեքենաներ վնասած եւ գողություններ կատարած անձանց:

Վերջին ամիսներին Վանաձոր քաղաքում հաճախակի են դարձել ավտոմեքենաների տարբեր սարքերի եւ իրերի գողության դեպքերը: Վարորդներից շատերն այս առումով անհանգստացած եւ չափազանց զգուշավոր էին դարձել:

NEWS.am-ի տեղեկություններով` երկու ամսվա ընթացքում կատարվել  է մոտ քսան նմանատիպ գողություն, երբ անհայտ անձինք ջարդել են ավտոմեքենաների դռները, գողացել մարտկոցներ, ձայնարկիչներ, գազի սարքավորումներ:

Ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների համաձայն, գողություն կատարելիս, դեպքի վայրում` Վանաձոր քաղաքի Չուխաջյան 6 շենքի բակում մարտի 17-ի գիշերը ձերբակալվել եւ ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 20-ամյա Ս. Աղաջանյանը եւ 30-ամյա Կ. Գեւորգյանը, ովքեր խոստովանական ցուցմունք են տվել, որ կատարել են ավտոմեքենաների սարքավորումների մի շարք գողություններ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեր տեղեկություններով` Կ. Գեւորգյանն աշխատել է մի քանի տաքսի ծառայություններում, որպես վարորդ: