Ռազմական ինստիտուտում հունվարին դաժանաբար սպանված 19-ամյա Հայկազի մայրը զգուշությամբ ցույց է տալիս որդու վերջին Մարտի 8-յան նվերը: Թղթից զարդատուփը տիկին Արմինեն խնամքով պահում է Հայկազի պատրաստած մյուս իրերի կողքին:
«Մոնթե Մելքոնյան վարժարանում սովորելու տարիներին, երբ գալիս էր տուն, երեխեքի դպրոցական, գրած տետրակներն ուզում էր, տանում էր, որ ազատ ժամանակ զբաղվի: Կարապներ էր պատրաստել, կենդանիներ: Երրորդ կուրսում՝ մարտի 8-ին եկավ տուն, զարդատուփ էր բերել, նվիրեց ինձ»,- պատմում է տիկին Արմինեն:
Թղթից իրեր՝ այդ թվում ուղղաթիռներ պատրաստելու հոբբին վաղ հասակում Հայկազից ամենաքիչ ջանք պահանջող ու ամենահասանելի ճանապարհն էր՝ իր երազանքին մոտենալու համար: Օդաչու դառնալու ցանկությունն ավելի ռեալ ու հնարավոր դարձավ, երբ Հայկազը լսեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում ընդունելության մասին:
«Զինվորական ուղղաթիռները մեր տանը շատ մոտ են թռնում: Ինքը շատ էր ուրախանում, որ օդաչուներին տեսնում էր: Միշտ հիացած նայում, ասում էր՝ օդաչու եմ դառնալու: Այնքան էր ձգտում, որ փոքր տարիքից թղթից ուղղաթիռներ էր պատրաստում ու բաց թողնում: Դե մենք էլ մտածում էին, որ երեխա է, կմեծանա, մտադրությունները կփոխվեն: Բայց ընդհակառակը՝ 15 տարեկանում, երբ իմացավ, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում ընդունելություն կա, ասեց՝ ես պիտի էնտեղ սովորեմ»,- պատմում է Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Հայկազի որոշումը ծնողներին մտահոգել է, մտածել են՝ 15-ամյա տղայի համար դժվար կլինի ապրելակերպի նման փոփոխությունը: Որդու մասին հետագայում լսած գովեստի խոսքերը ծնողներին համոզել են, որ չեն սխալվել Հայկազի որոշմանը դեմ չգնալով:
«Ծնողական ժողովների ժամանակ բոլոր ուսանողների մասին ասում էին, թե ոնց են իրենց պահել վարքի առումով, ոնց են սովորել: Հայկազի մասին ոչ մի առումով ոչ մի վատ բան չէին ասում, ընդհակառակը՝ գովեստի խոսքեր»,- պատմում է Արկադի Բարսեղյանը:
Փոքր տարիքից զգոնությամբ աչքի ընկնող Հայկազին զինվորական կրթությունն ավելի լուրջ ու հավասարակշռված է դարձրել: Փոփոխությունն ամենաակնհայտը եղել է ընտանիքի անդամների համար, որոնց Հայկազը ուսման ընթացքում չէր կարողանում հաճախ այցելել:
«Մոնթե ընդունվելուց հետո ինքը լրիվ փոխվեց, 180 աստիճանով փոխվեց: Գիտակցությունը, որ ինքն արդեն հասուն մարդ էր, շատ մեծ էր: Լրջացել էր ավելի, խստացել էր: Բնավորության երեխայական գծերը վերացել էին»,- նշում է Հայկազի հայրը:
Հնարավորության դեպքում արձակուրդներին Հայկազը աշխատել է ու վաստակած գումարով օգնել ընտանիքին:
Վարժարանն ավարտելուց հետո ավիացիոն ինստիտուտ ընդունվելու մի քանի ապարդյուն փորձից հետո Հայկազը բանակ է զորակոչվել, որտեղից ամիսներ անց վերադարձել ու ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ հրետանային ֆակուլտետ: Վերջին անգամ Հայկազին ընտանիքի անդամները տեսել են սպանությունից մոտ մեկ ամիս առաջ:
«Ինստիտուտից եկավ, ամբողջ ժամանակ ինտերնետով զենքեր, հրթիռներ էր ուսումնասիրում: Գնալուց վերջին անգամ թեքվեց, նայեց այգու կողմ, մինչեւ հիմա հիշում եմ հայացքը… Իմ երեխեն գնաց, միացավ էն զինվորներին, որոնց գլուխը մեր հայերը կերան: Իմ երեխեն էլ դավաճանության, նախանձի զոհ գնաց»,- ասում է Հայկազի մայրը:
Ծնողները Հայկազի սպանության մեղավորների համար խիստ պատիժ են պահանջում:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը:











