Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` մարտի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած միջադեպից։

Երեկոյան ժամը 17:30-ին, ՀՅԴ Լիբանանի երիտասարդական եւ ուսանողական միությունների` 60 հոգանոց խումբը ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի կինոսրահի մուտքի մոտ, որտեղ  պիտի ցուցադրվեր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված «Սոն Մեքթուփ» (Վերջին նամակը) ֆիլմը։

Aztagdaily-ի փոխանցմամբ, ֆիլմը պատմում է Գալիպոլիի ճակատամարտի մասին, որի 100-րդ ամյակը օգտագործելով թուրքական իշխանությունը փորձում է շեղել միջազգային ուշադրութունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ Թուրքիայի կատարած ոճիրից: Այս անգամ եւս Թուրքիայի կառավարությունը ձախողվել է։ Դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները` ԼԵՄ-ականներն ու ԶՈՄ-ականները, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միացյալ հագուստով, անգլերեով եւ արաբերենով բողոքի պաստառներ են պարզել, ինչպես նաեւ քննադատել են Էրդողանին։  Երիտասարդները նաեւ փակել են կինոսրահի մուտքը։

Երիտասարդների այդ արարքը վրդովմունք է առաջացրել թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի եւ համակիրների շրջանում, նրանք ազգայնամոլ կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է հարձակմանը, որից հետո միջամտել են լիբանանյան ներքին անվտանգության ուժերն ու բաժանել երկու կողմերին: Դեպքի ընթացքում վիրավորվել է երկու հայ երիտասարդ, իսկ երկու թուրք՝ ձերբակալվել: Թուրքերն սկսել են բղավել «Էրդողան, Էրդողան», որին հայկական կողմն արձագանքել է՝ «Ցեղասպան, ցեղասպան» ասելով:

Նշենք, որ Թուրքիայի դեսպանը տեւեկան ժամանակ մնացել է կինոսրահում եւ չի կարողացել դուրս գալ այնտեղից։ Միջադեպը լայնորեն լուսաբանվել է լիբանանյան լրատվամիջոցների կողմից։