Ոստիկանությունը հայտնաբերել է Հայաստանի տարբեր մարզերում տրանսֆորմատորների՝ 3 տասնյակից ավելի գողությունների մեջ կասկածվող 3-րդ անձին՝ Էդգար Ղումաշյանին:

Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները Էդգար Ղումաշյանին հայտնաբերել են մարտի 11-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի չգործող բանջարեղենի շուկայի մոտից եւ բերման ենթարկել: Նշենք, որ Ղումաշյանին մեղադրանք էր առաջադրվել մարտի 5-ին եւ հայտարարվել էր հետախուզում:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2014թ. հունիսին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարզի գյուղերից մեկից տրանսֆորմատոր են գողացել: Ավելի ուշ նման ահազանգեր ստացվել են նաեւ Արագածոտնի եւ Արարատի մարզերից: Ոստիկանության աշխատակիցները համալիր գործողությունների արդյունքում կարողացել են պարզել, որ հիշյալ գողությունները հնարավոր է կատարած լինեն Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ Արմեն Պետրոսյանը, Արթուր Իսրայելյանը եւ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Էդգար Ղումաշյանը: Առաջին երկուսին ոստիկանները 2015թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը գտել եւ բերման են ենթարկել: Պարզվել է, որ նրանք, գողանալով տրանսֆորմատորներ, վաճառել են 1000-1200 ԱՄՆ դոլարով կամ իրացրել Արթուր Իսրայելյանին պատկանող ՍՊԸ-ում: Արմեն Պետրոսյանն ու Արթուր Իսրայելյանը կալանավորված են: Ոստիկանությունը փնտրում է Էդգար Ղումաշյանին:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: