Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ մարտի 24-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդական արտիստ, մարտի 22-ին մահացած Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգստյան արարողությունը (ֆոտոռեպորտաժ):
Հոգեհանգստին ներկա էին հարազատները, գործընկերները, երկրպագուներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ինքը Երեւան քաղաքի մասնիկն էր իր լեցուն կերպարով, կյանքով: Եվ թատրոնում, եւ կինոյում նա թողեց իր հետքը: Մի անգամ զրույցներից մեկում հարցրի՝ ինչն էր իր համար ամենահարազատը կինոյի եւ թատերական ոլորտում, ասեց՝ իր համար առանձնահատուկ նշանակություն ունի «Մայրամուտից հետո» ֆիլմը, որտեղ նկարահանվել էր հոր հետ: Դա նրա կյանքի ամենակարևոր քննություններից մեկն էր, որը, կարծում եմ, ինքը փայլուն անցավ և հետագայում կարողացավ ստեղծել կերպարներ, որոնք բոլորիս աչքի առաջ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը:
Դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանը հիշեց, թե ինչպես է դերասանն իրեն օգնել, երբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իր առաջին դերն էր խաղում:
«Ձեռքս բռնած ինձ բեմի վրա օգնում էր, որ չկորցնեմ ինձ, հուզմունքն ինձ չխանգարի: Դա հազվագույտ բան է, որ կոլեգաները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ինքը ակունքներից եկած արտիստ էր, իր հայրիկից ժառանգած տաղանդով: Ինքը թատրոնը սիրում էր անվերապահորեն: Այդ տեսակները մեզանում պակասում են: Նրա մահը շատ մեծ կորուստ է մեր թատրոնի, մշակույթի, ինչու չէ, նաեւ Երեւան քաղաքի համար, որի կարեւոր մասնիկներից մեկը Կարեն Ջանիբեկյանն էր»,- ասաց Արմեն Էլբակյանը:
Նշենք, որ դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 25-ին: Նրան վերջին հրաժեշտ կտան հարազատ թատրոնում:
Նշենք, որ Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











