Երեւանի բնակիչ, մեքենայի առուվաճառքով զբաղվող ընկերության նախկին աշխատակից Վլադիմիր Հովսեփյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին գործարք կնքած մի քաղաքացու մեքենան այլ քաղաքացու վաճառելու եւ գումարին տիրանալու կասկածանքով:

Ըստ ոստիկանության՝ Հովսեփյանը սոցցանցերից մեկում կարդացել էր, որ մի քաղաքացի ցանկանում է վաճառել իր մեքենան, զանգահարել, հանդիպել եւ տեսել էր մեքենան, ապա գումարը մաս-մաս վճարելու պայմանով՝ նոտարական գրասենյակում փոխառությամբ պայմանագիր էին կնքել: 47 հազար 500 դոլար արժողությամբ մեքենայի դիմաց վճարել է ընդամենը 14 հազար 500 դոլար եւ գումարի մնացած մասը մարելու փոխարեն՝ այն մեկ այլ քաղաքացու է վաճառել եւ տիրացել գումարին:

«15 աշխատանքային օրվա ընթացքում ինքը ասում ա, որ գումարը կվերադարձնի, բայց արդեն ինձ խաբել, մեքենան պարտքի տեղ տվել ա ուրիշին, իր անունով էլ ոչ մի միջոց չունի, որ իմ գումարը կարողանա վերադարձնի»,- ոստիկանության բաժնում պատմել է տուժողը:

Վլադիմիր Հովսեփյանը ոստիkաններին վստահեցրել է, որ մինչեւ ժամկետի ավարտը ինքը կկատարի պայմանագրով ստանձնած պարտականությունները եւ կվերադարձնի գումարի մյուս մասը։

Նշենք, որ ներկայումս Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ մեկ այլ գործով քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խարդախություն, մեղադրանք է առաջադրված:

 Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում