Տեսանյութը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Գյումրիի թատերական հրապարակում, այսօր` մարտի 28-ի, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ երիտասարդ տղաներ ձվեր նետեցին հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, այնուհետև վազելով հեռացան հրապարակից: Բացի այդ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանը դանակի վնասվածք է ստացել, նրան վիրակապել և տեղափոխել են հիվանդանոց։

Հրաչիկ Միրզոյանը պատմեց, որ իրեն դանակահարել է ձվեր նետող տղաներից մեկը։

«Ոստիկանները իրենց հետևից վազեցին, ես էլ՝ ոստիկանների, հետո վերջինը, որը հետ էր մնացել, ըստ երևույթին, զգաց, որ ես իրեն ճանաչեցի, խփեց դանակով»,- պատմեց Հրաչիկ Միրզոյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ միջադեպին նախորդել էր փոքրիկ վեճ այդ երիտասարդների և Երևանից Գյումրի գնացած «Հիմնադիր խորհրդարանի» անդամների միջև:

Նշենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանիվ մեկնել էր Գյումրի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու։