Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցին՝ այսօր՝ ապրիլի 2-ին, նրա հարազատները, ընկերները եւ ՀՅԴ ներկայացուցչներ սգո երթով գյուղապետարանի մոտից հասան «Զորաց պանթեոն», որտեղ խնկարկեցին գյուղապետի հիշատակը:
«Ընկեր Հրաչի զոհվելը, ինչպես նաեւ նրա կյանքը պետք է մեզ համար դաստիարակչական լինեն: Նա այն քիչ տիպարներից էր, որոնք գիտեին հարկ եղած ժամանակ մարտի դաշտ գնալ, բայց եւ հարկ եղած ժամանակ հայրենիք կերտել, այդ հայրենիքի կերտման համար նվիրվել այնպես, ինչպես նվիրված էին մարտի դաշտում: Անհրաժեշտ է, որ մենք Հրաչներից սովորենք ճիշտ այն դաշնակցական ըմբռնողությունը, որ ներկայացված է մեր դրոշի եւ մեր զինանշանի վրա, որ մենք գրիչով, քրտինքով, արյունով հայրենիք կկերտենք, պետք եղած ժամանակ մարտի դաշտ կգնանք, պետականաշինության աշխատանքին կնվիրվենք»,- ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը՝ նշելով, որ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը անհրաժեշտություն է ոչ միայն իրենց, նրա ընտանիքի անդամների, այլեւ պետության համար:
Հրաչ Մուրադյանի հիշատակը հարգելու համար Պռոշյան գյուղ էր գնացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա՝ թեեւ իշխանությունները խոսք էին տվել Հրաչ Մուրադյանի ընտանիքին, սակայն նրա սպանությունը բացահայտելու համար ոչ մի քայլ չեն արել. «Սա երրորդ ապրիլի երկուսն է, որ գտնվում եմ Պռոշյանում, տմարդի, վախկոտ ահաբեկչությունից երկու տարի անց հանցագործությունը չի բացահայտվել: Այս իշխանություններն իրենց անտարբեր, փնթի մոտեցմամբ անարգում են ազգային հերոս Հրաչ Մուրադյանի հիշատակը: Նրա ընկերները, ընտանիքը, հարազատներն ու ամբողջ գյուղն արժանի են ամբողջական պատասխանի»:
Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպված երթին ՀՅԴ երիտասարդները մասնակցում էին «Հիշում ենք եւ պահանջում» գրությամբ վերանաշապիկներով: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ արդարությունը, որ պահանջում ենք, պետք է սկսվի Հրաչ Մուրադյանի սպանության հանգամանքների բացահայտումից:
«Այս ամիս ոգեկոչելու ենք ցեղասպանության զոհերի 100 ամյակը, պահանջելու ենք արդարություն: Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ եթե Հրաչ Մուրադյանի գործում չհասնենք արդարությանը, ճշմարտության բացահայտմանը, թող ոչ ոք ազգային խնդիրներից չխոսի: Այդ արդարությունը պետք է սկսվի Պռոշյանից եւ Հրաչի սպանության բոլոր հանգամանքների բացահայտումից: Ապրիլի 24-ը հենց այսօր է: Զուր չէ, որ երիտասարդները նույն նշանաբանով են այսօր ներկայանում, ինչ որ Ապրիլի 24-ին: Ուղղակի կապված են, բայց թշնամին ներսում է եւ այդ ներսի թշնամուն պետք է դուրս հանեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, որն էլ դեպտեմբերի 25-ին վերացվել էր եւ նա ազատ էր արձակվել: Արայիկ Պետրոսյանն առ ասյօր մեղադրյալի կարգավիճակում է:
Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը այլ անձ է, եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











