ՀՀ-ում Դանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 2-ին, «Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագրի շրջանակում «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի 210-ամյակին եւ Մանկական գրքի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը և Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը «Այբ» և  «Ադամյան» դպրոցների առաջին դասարանի աշակերտներին պատմեցին «Թագավորը մերկ է» և  «Անճոռնի ճուտիկը» հեքիաթները: Այնուհետև անցկացվեց խաղ- վիկտորինա, որի հաղթողները որպես մրցանակ ստացան գրքեր։

Միջոցառմանը մասնակցող՝ ՀՀ-ում Դանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանի խոսքով՝ կարևոր է, որ երեխաները նման խանդավառությամբ են ընդունում այս միջոցառումը:

«Կարևոր է, որ մանուկները վաղ հասակից լսեն հեքիաթներ, քանի որ դրանց մեջ թաքնված է շատ խորը իմաստ: Քրիստիան Անդերսենի հեքիաթներով մեր սերունդն է մեծացել, և հուսով եմ, որ նոր սերունդը ևս կսիրի այդ հեքիաթները և այն արժեքները, որոնք դրանց մեջ կան»,- ասաց Գագիկ Գյուլբուդաղյանը:

 «Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Շուշան Արզաքանյանը նկատեց, որ իրենց գրախանութում ամենամեծ բաժինը հատկացված է մանկական գրականությանը:

«Մանուկներին մենք համարում ենք մեր հանրության ամենակարևոր դասը: Երեխաները շատ են կարդում մանկական գրականություն, ուղղակի կոչ կանեի մեր հրատարակինչներին, որ գրքերը անպայման ստեղծեն վառ և հետաքրքիր դիզայնով, որպեսզի երեխաները ծանոթանան ոչ միայն բովանդակությանը, այլև ուենան գեղեցիկի և էսթետիկայի զգացողություն»,- ասաց Շուշան Արքախանյանը:

«Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին, ժամը 14:00-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեխաները կկարողանան ներկա գտնվել Անդերսենի՝ «Փոքրիկ Իդայի ծաղիկները» համանուն հեքիաթի տիկնիկային ներկայացմանը: