ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 3-ին, Տավուշի մարզի Թեղուտ համայնք այցելության ժամանակ բնակիչներին խոստացել է գյուղտեխնիկա տրամադրել: Այս մասին NEWS.am-ին ասաց թեղուտցիներից մեկը՝ համոզմունք հայտնելով, որ Հովիկ Աբրահամյանը կկատարի իր խոստումը։

«Գյուղացիներից մեկը վարչապետին դիմեց, ինքն էլ հարցրեց՝ ոնց են ապրում, ասեցի՝ վաբշե չեն ապրում, շատ վատ: Ասեցի՝ գյուղտեխնիկա տվեք, թող մարդիկ վարեն, ցանեն, հնձեն, բերեն, յոլա գնան, ասեց՝ պրոբլեմ չկա: Չանի, չանի՝ Աստված իր հետ, բայց  լավ տղա ա, կանի»,- ասաց թեղուտցին։

Նշենք, որ Թեղուտում վարչապետը մասնակցել է համայնքի նորակառույց մանկապարտեզի բացմանը: Վարչապետը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:

Մանկապերտեզը համալրված է անհրաժեշտ գույքով, այն հնարավորություն ունի ընդունելու մինչև 60 երեխա: Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ, որը տրամադրել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամը:

Բացման միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գյուղական բնակավայրերում նման սոցիալական ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս օժանադակել նման ծրագրերի կյանքի կոչմանը:

Նա իր ելույթում նշել է, որ տեսել է Թեղուտ բերող ճանապարհը, խնդրել իր կոլեգաներին ուշադրություն դարձնել այդ ճանապարհին: