Երեւանի Ավան թաղամասում նախորդ օրը՝ ապրիլի 5-ին, գազի արտահոսքի հետեւանքով տան պայթյունից զոհված 35-ամյա Հ. Կ.-ն ամուսնալուծված էր, ապրում էր որդու եւ մոր հետ, որոնք պայթյունի ժամանակ տանը չեն եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տղամարդու ծանոթներից Գայանե Շեգունցը:

«Ինքը եկել ա տուն, կողքից ասել են՝ ուժեղ գազի հոտ է գալիս, մոտեցել է, դուռը բացել է, ու էդ պայթյունը եղել է: Թե ինչ-որ սիգարետ է էղել ձեռքը, թե լույսն է վառել տան, ոչ ոք չգիտի: Շատ հանգիստ, համեստ, աշխատող, խելոք տղա էր»,- ասաց Գայանե Շեգունցը:

Գայանե Շեգունցը պատմեց, որ տղամարդը աշխատում էր որպես բանվոր, վարձակալությամբ էր ապրում պայթյունից փլուզված տանը: 

Դեպքի վայրում աշխատող  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հերթախոխի պետ Արամ Արամյանը  NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ պայթյունը գազի արտահոսքից է եղել:

Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ հարակից տների եւ խանութների պատուհանները: Տուժածները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ թաղապետարանից ակնկալում են կրած վնասների փոխհատուցում, սակայն նրանցից ոչ մեկը դեռեւս այդ պահանջով որեւէ պատկան մարմնի չի դիմել: 

«Ոչ մի փոխհատուցման մասին խոսք անգամ չկա, ոչ ոք դեռ չի եկել, չի տեսել: Բոլորիս պատուհանները կոտրվել են: Ճիշտն ասած՝ դեռ չենք էլ դիմել փոխհատուցման համար, որովհետեւ պայթյունի հետեւանքով 35 տարեկան մարդ է մահացել, ցավալի կորուստ է»,- ասացին հարեւանները:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով: Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է: