Ժիրայր Սեֆիլյանը եւ իր ընկերներն ամուր են եւ չեն կոտրվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն այցելել էր ապրիլի 7-ին ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին:
«Ռեժիմն ինքը վախեր ունի եւ պարզ է՝ երբ մարդը վախենում է, ապա նա դիմում է ծայրահեղ քայլերի, եւ սա այդ ծայրահեղ քայլերից մեկն է: Ես հորդորում եմ, որ այս պահին ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին, քանի որ որեւէ իրավական հիմք չեմ տեսնում ձերբակալության հիմքում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները մարմնական վնասվածքներ չունեն եւ փոխանցում են, որ ապրիլի 24-ի իրենց օրակարգը ուժի մեջ է մնում:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ երկրորդ անգամ է Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալված տեսնում: Նա հիշեց, որ Սեֆիլյանն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք է կալանավորվել եւ բավականին երկար ժամանակ կալանքի տակ պահվել:
«Այս պահին Սերժ Սարգսյանի հրամանով է, որ Սեֆիլյանը եւ նրա ընկերները գտնվում են կալանքի տակ: Այսօր մեր հանրապետությունում կարծես Օսմանյան կարգեր են տիրում, հավաքում են հայ ժողովրդի նվիրյալ զավակներին եւ բերում, գցում են այս բանտախցերը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» 50-ից ավելի անդամներ եւ քաղաքացիներ հավաքված են Էրեբունիի՝ ձերբակալվածներին պահելու վայրի առջեւ եւ պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներին: Նրանք վանկարկում են «Ժիրայր, Ժիրայր» «Ազատություն» «Մենք ենք տերը մեր երկրի»: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը:
Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Արամ Հակոբյանը ձերբակալվել են:
Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:











