Ինչ ենք մենք քննարկում, որոնք են մեր ամենաընթարցված թեմաները, ինչպես ենք մենք սկսել վերաբերվել կանանց՝ ինչ իրավունքով է Քիմ Քարդաշյանը գալիս Հայաստան, ովքեր են ամենատգեղ 10 հայտնիները: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Իր հայտարարությունում նա մասնավորապես նշել է.
«Գեղեցիկ տոն է այսօր, հայ հոգեկերտվածքի համար կարեւոր մի օր, երբ մեծարվում է հայ կինը, մեծարվում նրա մայրությունն ու գեղեցկությունը: Եկեղեցական օրացույցում այս տոնը կարեւոր մի իրադարձություն է, Աստվածածնի ավետման տոն, երբ Մարիամն ավետվել իր գեղեցիկ առաքելության մասին: Այլ ազգերից եւ այլ քաղաքակրթություններից մենք միշտ էլ տարբերվել ենք բարությամբ եւ մեծարանքով կանանց նկատմամբ:
Սակայն վերջերս, հետեւելով լրատվական դաշտին եւ կարդալով սոցիալական կայքերի գրառումները, ինձ մոտ մի տպավորություն է, որ մեզ տիրել է տոտալ դժգոհությունը եւ չարությունը.. Նայելով որոշ նյութերի լոկ վերնագրերին, արդեն իսկ խոր հիասթափություն ես ապրում եւ չես էլ ուզում կարդալ բովանդակությունը.. Նյութերի մեկնաբանների բառապաշարի մասին արդեն լռում եմ:
Ինչ է պատահել մեզ, երբ ենք մենք այսչափ չարացել, երբ ենք սկսել կորցնել մեր վեհ եւ կնամեծար կեցվածքը..
Ինչ ենք մենք քննարկում, որոնք են մեր ամենաընթարցված թեմաները, ինչպես ենք մենք սկսել վերաբերվել կանանց՝ ինչ իրավունքով է Քիմ Քարդաշյանը գալիս Հայաստան, ովքեր են ամենատգեղ 10 հայտնիները, ինչու է աղմկում այս կամ այն կին պատգամավորը, ինչու այս կամ այն կինը սեփականացրեց հռչակագիրը, ով որտեղ եւ ինչու ժպտաց, ով երբ եւ ինչից հրճվանք ապրեց, ինչպես կարձագանքի հարեւան պետությունը կանանց ժպիտներին եւ ... վիրավորանքներ, վիրավորանքներ, վիրավորանքներ… Ինչու ենք մենք մեր սեփական սխալների արդարացումը չարակամորեն ուրիշների մեջ փնտրում..
Սիրելի հայրենակիցներ: Միգուցե այսօր հենց այն օրն է, երբ մենք պետք է կանգ առնենք եւ ձերբազատվենք մեզ տիրած չարությունից.. Միգուցե հենց այսօր, այս տոն օրով, մենք պետք է գիտակցենք, որ հենց բարությունն ու համախմբվածությունն է, որ մեզ ուժեղ է դարձնում: Միգուցե հենց հիմա, հենց այսօր, մենք պետք է միահամուռ ուժերով աշխարհին ապացուցենք, որ այո, մենք կնամեծար ազգ ենք: Եվ որ հենց կանայք են ի զորու պահպանել եւ ամրապնդել մեր ազգի հիմնական ուժն ու գաղտնիքը՝ ընտանիքը: Եվ որ յուրաքանչյուրիս համար իր օջախի կարեւոր մարդը հենց ինքն է՝ կինը, ով մայր է, քույր, կյանքի ուղեկից:
Եվ ի վերջո, հենց կինն է, ով կարող է 100 տարի անց Ցեղասպանության կորստին տալ իր ուրույն պատասխանը՝ առնվազն մեկ երեխա պարգեւելով յուրաքանչյուր ընտանիքին:
Բարի լինենք, սիրելիներս, բարին կյանք է»:











