Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետիկ գետի վարարման պատճառով ապրիլի 9-ին ջուրը լցվել է գետին մոտ գտնվող 10-15 տուն, հեղեղել անասնագոմերն ու նկուղները եւ բավականին մեծ վնաս հասցրել գյուղացիներին: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր գյուղի գյուղապետ Գրիշա Թադևոսյանը` հավելելով, որ այժմ տեխնիկայի միջոցով փորձում են մաքրել գետը, սակայն ապարդյուն:
«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տեխնիկան չենք կարողանում մոտեցնել գետին, որպեսզի մաքրենք այն: Հարևան գյուղերի ու գետի ափին գտնվող տարբեր օբյեկտների աղբը գետի ջուրը բերում է մեր գյուղ և հիմնականում այս հատվածում է դա կուտակվում: Այժմ ԱԻՆ-նն ու մեր մարզպետարանը դիմում են պատրաստում, որը ուղարկելու ենք կառավարություն, որպեսզի աջակցեն մեզ գետի ջուրը մաքրելու հարցում: Հենց իրավիճակը հանդարտվի, կմտածենք գյուղացիներին փոխահատուցելու մասին»,-ասաց գյուղապետը:
Գետի վարարումից տուժած Նոր գյուղի բնակիչ Վարդան Ղազարյանի անասնագոմն ու տունը, որոնք գտնվում են գետի ափին, լցվել են ջրով: Տունը բավականին մեծ վնասներ է կրել: Վարդանի խոսքով` ԱԻՆ-ի աշխատակիցները ոչնչով չեն կարողացել օգնել նրան` անասնագոմում գտնվող կովին այնտեղից բերելու հարցում, այժմ այն ջրի մեջ է և չգիտեն, թե ինչպես են կովին դուրս բերելու:
«1700 դոլար վարկ եմ վերցրել, այն հույսով, որ գազար մշակեմ և ծախեմ այն, բայց այժմ այն ամբողջութամբ ջրի տակ է հայտնվել ու փչացել: 40 հավ ունեի, որոնցից ընդամենը 4-ն է մնացել, ծննդկան կովս անասնագոմում է, անօգնական: Նույն վիճակում են հայտնվել այս տարածքի 10-15 տուն, սակայն ամենամեծ վնասը ես եմ կրել, քանի որ տունս գտնվում է հենց գետափին»,-ասաց նա:
Նոր գյուղի բնակիչ Մարգարյան Մամիկոնը, որի նկուղը ամբողջությամբ լցված է գետի ջրով, նշեց, որ նկուղում էին գտնվում պահածոներն ու բանջարեղենները, որոնցով իր ընտանիքի անդամների օրվա հացի հարցն էր լուծվում:
«Նկուղում էր մեր ամբողջ ուտելիքը` պահածոներս, կարտոֆիլը, գազարը, որ ասեմ: Մեր ահազանգից հետո ԱԻՆ-ի աշխատակիցները ընդամենը 20 րոպե հետո եկան, բայց մեզ ոչնչով էլ չեն կարողացել օգնել: Ամբողջ տանս տակ ջուր է լցված, որը կարող է մեծ վնաս հասցնել, չգիտեմ` այս իրավիճակից ոնց ենք կարողանալու դուրս գալ»,-նշեց նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ: Գետի հունի մաքրման աշխատանքները կշարունակվեն ապրիլի 10-ի առավոտյան:
Նշեն, որ Գետիկ գետի հունի մաքրման աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 10-ին, ժամը 06.36-ին Նոր գյուղ գյուղ է մեկնել Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խումբը:











