ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով ապրիլի 10-ին հոսպիտալում մահացած 19-ամյա զինծառայող Արթուր Առաքելյանը ընտանիքի միակ զավակն էր։ Երեւանում բնակվող ընտանիքի հարեւաններից մեկը NEWS.am-ին ասաց, որ մինչեւ վերջին րոպեն հույս են ունեցել, որ Արթուրը կփրկվի։

«Լավ ընտանիք էին, խելոք մարդիկ, խելոք, հանգիստ, բոլորին հասնող երեխա էր, մինուճար տղա։ Ծնողները հենց լսեցին դեպքի մասին, գիշերով անմիջապես գնացին։ Մինչեւ վերջին րոպեն մոտն են եղել։ Վիրահատել են, վիրահատությունից հետո տենց էլ կոմայից դուրս չի եկել։ Մինչեւ վերջին րոպեն բոլորս դեռ հույս ունեինք։ Ընկերներն էլ ասել են, որ ֆուտբոլ խաղալուց հետո ուրախությունից կախվել է ձողից, դա էլ ընկել է վրան»,-ասաց Անահիտ Գասպարյանը՝ նշելով, որ հունիսին Արթուրը կդառնար մեկ տարվա ծառայող։

Հարեւանուհին պատմեց, որ Արթուրը ծնողների հետ դեպքի օրն էր խոսել, շնորհավորել Սուրբ Զատիկը։

Արթուրը մինչեւ զորակոչվելը ընդունվել էր Երեւանի պետական ագրարայինհամալսարան։ Բանակից վերադառնալուց հետո նա պատրաստվում էր շարունակել ուսումը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ապրիլի 5-ին 19-ամյա զինծառայող Արթուր Առաքելյանը զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ  դարպասաձողը գլխին ընկնելու հետեւանքով վնասվածքներ էր ստացել եւ 4 օր հոսպիտալում գտնվելուց հետո մահացել էր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր: