Երեւանի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցում գործող տեսանկարահանման, լուսանկարահանման, գովազդային եւ նմանատիպ այլ ծառայություններ իրականացնող ընկերության երկու աշխատակից կասկածվում են անձի առեւանգման մեջ:

Ապրիլի 4-ին այդ ընկերության 2 աշխատակիցները՝ Էդգար Սիմոնյանը եւ Զավեն Ասատուրյանը, Գարեգին Նժդեհի հրապարակում իրենց ծանոթներից մեկին էին հանդիպել, ստիպողաբար նստեցրել իրենց մեքենան եւ տարել գրասենյակ: Այդտեղ արդեն երիտասարդները ծեծի էին ենթարկել քաղաքացուն, ավելի քան մեկ օր պահել, ապա ստիպել գրել 800 հազար դրամի պարտավորագիր, որից հետո միայն թույլ տվել տուն գնալ:

Տուժածը, սակայն ոստիկանություն չէր դիմել: Ապրիլի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները կատարվածի մասին օպերատիվ տեղեկատվություն էին ստացել: Նույն օրը ոստիկանություն հրավիրված տուժածը պատմել էր կատարվածը:

Մեկ օր անց ոստիկանության բաժին են բերման ենթարկել այդ ընկերության աշխատակիցները՝ Զավեն Ասատուրյանն ու Էդգար Մարտիրոսյանը: Վերջինս պատմել է, որ ինքն է տուժածը:

«Չեմ ծեծել, ընդամենը ապտակել եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը՝ որպես գործադիր տնօրեն, իրեն պատկանող գումարն է պահանջել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննությունը շարունակվում է: