Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ մեկ տասնյակ ակտիվիստներ այսօր՝ ապրիլի 15-ին, բողոքի ակցիայով ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայից պահանջեցին պատասխանել իրեն ուղղված՝ ՀՀ գլխավոր դատախազի նամակին, որով նա խնդրում է սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը փոխանցել ՀՀ իրավապահներին:

Գյումրեցի ակտիվիստ երիտասարդներն իրենց հետ հյուպատոսարանի մոտ էին բերել շախմատ, որը ցանկանում էին անձամբ փոխանցել ՀՀ-ում ՌԴ հյուպատոսին, որպեսզի նա էլ այն հանձնի ՌԴ գլխավոր դատախազին:

«Մենք շախմատը նվեր ենք բերել: Մենք ռուսներին տեսնում ենք որպես մեզ բարեկամ ժողովուրդ, այդ պատճառով էլ նման նվեր ենք պատրաստել իրենց համար՝ որպես մեզ բարեկամ: Սա շախմատ է, սա ռումբ չի, նրա համար է, որ հասկանանան՝ մեզ հետ պետք չի խաղալ: Գլխավոր դատախազի հարցումից ամիսներ է անցել, բայց պաշտոնական պատասխան չկա, սա բոլորիս համար վիրավորական է: Մենք թշնամանք չունենք ռուս ժողովրդի նկատմամբ, բայց սա արժանապատվության խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիսներից Կարեն Պետրոսյանը:

Ակտիվիստներին մոտ 20 րոպե անց մոտեցավ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը, որը հրաժարվեց վերցնել շախմատը եւ փոխանցել հյուպատոսին՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն նվեր փոխանցելու: Փոխարենը աշխատակիցը խոսատացավ հյուպատոսին փոխանցել ակտիվիստների՝ ՌԴ դատախազին ուղղված դիմում-նամակը:

Ակտիվիստները բողոքի ակցիան այսքանով ավարտեցին՝ որոշելով մինչեւ ապրիլի 24-ը ակցիաներ չանել, դրանից հետո վիճակը նույնը մնալու դեպքում ավելի կտրուկ քայլերի դիմել:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: