«Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակիցները մտադիր են Ապրիլի 24-ին բողոքի ակցիա անցկացնել Ծիծեռնակաբերդում, քանի որ այլեւս չեն հավատում, որ իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկները կվճարվեն։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց«Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակից Ասյա Սաֆարյանը այսօր՝ ապրիլի 16-ին, Կառավարության մոտ բողոքի հերթական ակցիայի ժամանակ։
«Ինչքան բողոքեցինք, ապարդյուն անցավ, հիմա մնացել է՝ դրոշակը վերցնենք, Եղեռնի օրը գնանք, կանգնենք Ծիծեռնակաբերդի ճանապարհի վրա, ուզում ա՝ մեզ գնդակահարեն, պիտի գնանք կանգնենք, ուրիշ ճար չկա»,-ասաց Ասյա Սաֆարյանը:
«Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին աշխատակից Հասմիկ Զեյնալյանը նշեց, որ իրենց խոստացել են մինչեւ ապրիլի 10-ը վճարել իրենց վերջնահաշվարկները, սակայն մինչեւ հիմա չեն վճարել։
«Մեզ խոստացել են, ասել են, որ մինչեւ ապրիլի 10-ը կտան վերջնահաշվարկը, սակայն, մինչեւ հիմա չեն տալիս։ Վարձով ենք ապրում, վարկեր ունենք, նույնիսկ մեր բանկային քարտերի վրա կալանք է դրված, շվարած մնացել ենք»,- ասաց Հասմիկ Զեյնալյանը:
Բողոքի ակցիա մասնակիցները ցանկանում էին հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նրանց մոտեցավ Երեւանի կոմունալ վարչության պետի տեղակալ Արտյոմ Աբրահամյանը, որը նրանցից 10 հոգու հրավիրեց քաղաքապետարան՝ որպեսզի ընդհանուր դիմումով բոլորը դիմեն դատարան՝ իրենց վերջնահաշվարկը ստանալու համար:
«Քաղաքապետարանը իրենց համար դիմումը պատրաստել է, որ առանձին-առանձին չդիմեն դատարան: Հիմա բոլորը մի փաստաբանով կդիմեն դատարան, որ ընկերության աճուրդի հանված գույքի վաճառքից միանգամից իրենց գումարները ստանան»,-ասաց Արտյոմ Աբրահամյանը:
Նշենք, որ «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցներին դեկտեմբերի 1-ին հայտնել են, որ իրենք ազատված են աշխատանքից: «Կենտրոն մաքրություն» ԲԲԸ-ն լուծարվել է Երեւանի Կենտրոն համայնքի աղբահանությունը լիբանանյան «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո: Ընկերությունը գործազուրկ դարձած 170 աշխատակիցներին պարտք է 75 մլն դրամ:











