Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող 100 մետրանոց եռագույն դրոշը, որը շրջել է աշխարհի տարբեր քաղաքներով, այսօր՝ ապրիլի 16-ին, հասել է Սյունիքի մարզկենտրոն՝ Կապան:

«Դրոշը երեւանից է եկել Կապան։ Մեր քաղաքում 100 երիտասարդներ ծածանելով դրոշը 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, այդ ընթացքում Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանան Տերունական աղոթք կարդաց»,- NEWS.am-ին ասաց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի տրամադրած՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկարությամբ Հայոց Եռագույնը շրջել է Գերմանիայի, Չեխիայի տարբեր քաղաքներով, նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներով եւ եկեղեցիներով: Նախաձեռնության նպատակն է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհին իրազեկել հայոց Մեծ Եղեռնի մասին: Նախաձեռնության հեղինակները նաեւ անմոռուկներ են տարածել եվրոպական քաղաքներում:

«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած՝ 100 մետր երկարություն ունեցող Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո` ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին: