Ապրիլի 24-ից երկու օր առաջ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհները  բազմամարդ էին:  Հայաստանի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, քաղաքացիներ, սփյուռքահայեր և օտարերկացիներ այսօր՝ ապրիլի 22-ին, վաղ առավոտից գալիս էին Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու և հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Երևան ժամանած լիբանանահայ Աստղիկ Սարաֆյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ  այստեղ է՝ Ապրիլի 24-ին  եւս մեկ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու և Ցեղասպանության զոհերի հիշատակն հարգելու համար.

«Երևան եմ այցելել 4 օրով,  որպեսզի Ապրիլի 24-ին կարողանամ  ծաղիկ դնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,-նշեց նա:

Կանադահայ Արմեն Կյուրխչյանը, որը նույնպես Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու և Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար է Երևան ժամանել, մեզ հետ զրույցում կարևորեց   Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը.

«Այն պահից, երբ աշխարհի երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կունենա և նյութական, և տարածքային կորուստներ, որը կարևոր է մեզ համար: Ես հուսով եմ, որ մի օր կգա այդ օրը և մենք բոլորս կհասնենք արդարության»,-նշեց նա:

Լիբանանահայ Սեդա Խաչատուրյանը,  Հայաստանում է երկրորդ անգամ, մեզ հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ արել է, որպեսզի կարողանա ներկա գտնվել  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին.

«Այժմ իմ հայրենիքում եմ և ոգեկոչում եմ Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարևոր է, որ աշխարհի հայերը այս օրերին գան Հայաստան և այդպիսով աշխարհին ավելի լսելի դարձնեն Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ասաց Աստղիկը: