Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 25-ին, օծեց Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ Նուբարաշեն համայնքում կառուցված եկեղեցին:
Գագիկ Ծառուկյանը, որը կնոջ հետ էր մասնակցում եկեղեցու օծմանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սրբոց նահատակաց եկեղեցին նվիրված է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Եկեղեցին անվանեցինք ի պանծացումն Հայոց ցեղասպանթյան սուրբ նահատակներին, որպեսզի մեր զավակունք այցելեն այս եկեղեցի եւ իրենց աղոթքն առաքեն առ Աստված եւ մեր սուրբ նահատակաց՝ նրանց բարեխոսությունը հայցելով հայոց աշխարհի ապահով կյանքի համար»,- օծման արարողությանն ասաց կաթողիկոսը։
Նշենք, որ երկեղեցու բացմանը հոծ բազմություն էր հավաքվել, որոնք միմյանց հրելով փորձում էին ներս մտնել։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2012թ. գարնանը: Բարձրությունը մինչեւ գմբեթի գագաթը 20 մետր է, զանգակատան բարձրությունը՝ 16 մետր: Զարդաքանդակների հիմնական թեման Մեծ եղեռնի նահատակներին խորհրդանշող խաչապատկերներն են, խոնարհված նռնածառերը, լուսապսակով աղավնիների ու վառվող կանթեղների ինքնատիպ զարդամոտիվները: Եկեղեցու նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է։











