«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ազատ արձակելու պահանջով «Հիմնադիր խորհրդարանի» երթն այսօր՝ ապրիլի 25-ին, ավարտվեց Արցախ-Ռոստոմյան խաչմերուկում՝ չնայած մասնակիցները, ըստ քաղաքապետարանի արտոնագրի, կարող էին հասնել մինչեւ Ազատամարտիկների փողոց:

Երթը ուղեկցող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին զգուշացրեց, որ եթե երթի ավարտից հետո մասնակիցները շարունակեն կոչերով հանդես գալ, նրանց բերման կենթարկեն: Փոխոստիկանապետին զայրացրեց այն, որ զրույցի ընթացքում երթի մասնակիցներից մեկը «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշն էր ծածանում իր գլխավերեւում:

«Հարգելիս, այդ դրոշն իմ գլխավերեւում մի ծածանեք, եթե դա Ձեր իրավունքն է, Ձեր գլխավերեւում ծածանեք, իմ գլխավերեւում Հայաստանի Հանրապետության դրոշը կարող եք ծածանել, նման դրոշ չփորձեք իմ գլխավերեւում ծածանել, ես Ձեզ զգուշացնում եմ, տիկին»,- երթի մասնակցին դիմեց Օսիպյանը:

Հշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ ապրիլի 25-ին, Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված մյուս անդամներին ազատելու պահանջով բողոքի կարճատեւ ակցիայից հետո «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքից սկսեցին բողոքի երթ՝ մինչեւ Ռոստովյան փողոց։