Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այսօր` ապրիլի 27-ին, անցկացվող ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը մասնակցում էին հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական ոլորտների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ եւ կամավորներ:

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով անմար կրակի մոտ բերվող ծաղիկների ծավալը, այս տարի «Ծաղկահավաքը» 2 օր է անցկացվելու` 27-28-ը:

«Թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից եւ ցողունից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված թուղթ պատրաստելու համար»,-ասաց Մարտիրոսյանը:

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին.

«Արդեն 6-րդ տարին է, որ այս միջոցառումն անցկացնում ենք: Ցեղասպանության թանգարանին նվիրաբերված ձեռակերտ թուղթը վերջին տարիներին օգտագործվում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելու համար, իսկ պարարտախառնուրդն օգտագործվու է «Հիշողության» պուրակում հողի մշակման համար»,-ասաց Խաչատրյանը:

Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն ծաղիկները, որոնք Ծիծեռնակաբերդում են դրվում, շատ լավ է, որ վերամշակվելով` երկրորդ կյանք են ձեռք բերում. «Ծաղիներին «երկրորդ կյանք» հաղորդելով, մենք հավերժացնում ենք մեր նախնիների հավերժ հիշատակը»:

Նշենք, որ «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը անցկացվում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ Վիվա Սել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ: