«Հիմնադիր խորհրդարանի» մեկ տասնակ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով այսօր՝ ապրիլի 29-ին, նստացույց են սկսել Երեւանի Հյուսիսային պողոտայում: (ֆոտոռեպորտաժ)

«Այս կերպ բարձրաձայնում ենք Հայաստանում  քաղբանտարկյալների առկայության մասին: Նստացույցով ցանկանում ենք մարդկանց ուշադրությունը գրավել այդ խնդրին, փաստենք, որ կան քաղբանտարկյալներ, եւ նրանք պետք է ազատ արձակվեն, ոչ մի հիմնավոր կասկած չկա նրանց կալանավորված պահելու համար: Ակցիայի ձեւաչափն այսպիսին է, քանի որ ուզում ենք,  որ առաջին հերթին հասարակությունն արձագանքի: Պետք է հասարակությունը բարձրացնի իր ձայնն առաջին հերթին»,- NEWS.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը:

Երիտասարդներն իրենց ձեռքերում են պահել «Ազատություն ազգի հերոս Ժիրայր Սեֆիլյանին», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրությամբ եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, Շանթ Հարությունյանի  լուսանկարներով պաստառներ:

Ակցիան կտեւի երկուսուկես ժամ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմանում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am