Վանաձորյան «Որդան Կարմիր» խումբն ապրիլի 28-ին թողարկել է The Voice of Tomorrow երգի տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100­ամյա տարելիցին, իսկ տեսահոլովակը ներկայացնում է հայ երիտասարդ ստեղծագործ սերնդի վերածնունդը։ Այն նկարահանվել է Միացյալ Նահանգներում։

Երգն անվճար կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

Որդան Կարմիրն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը աշխարհահռչակ մեծամասշտաբ SXSW 2015 (South by Southwest) փառատոնին։ Խումբն իր ելույթի ժամանակ ներկայացրել է The Voice of Tomorrow­ն միջազգային հանդիսատեսին։ «Երգը կոչ է ներկա եւ գալիք սերունդներին դեպի միասնություն, ազգային գաղափարախոսություն եւ հզորացում, որը մեր ձայնը լսելի եւ ընդունելի կդարձնի աշխարհում։ Ի վերջո, Հայաստանը եւ հայը միայն Եղեռնի կրողներ չեն․ հայ երիտասարդությունն ունի մեծ ներուժ դիմակայելու ցանկացած արհավիրք եւ ցույց տալու աշխարհին, որ այն ստեղծագործ է ու դեռ շատ բան ունի տալու մարդկությանը», ­ ասում է Որդան Կարմիրի մեներգիչ Վահան Պողոսյանը։

Որդան Կարմիր խումբը կազմավորվել է 2005թ․­ին Վանաձորում։ Գոյության տասը տարիների ընթացքում խումբը նվագել է հայաստանյան բազմաթիվ փառատոնների, ունեցել մենահամերգներ, համերգային շրջագայություններով եղել Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում, Վրաստանում եւ Ռուսաստանում։ Որդան Կարմիրը թողարկել է երկու EP, իսկ լիամետրաժ ալբոմը՝ A4­ը, լույս է տեսել 2013­ին։ Խումբն իր ստեղծման օրվանից կերտում է երաժշտության իր յուրօրինակ տեսակը՝ հավատալով, որ մշակույթի նման դրսեւորումը հզոր գործիք է։ Որդան Կարմիրի երաժշտությունն անդրադառնում է կոռուպցիային, սոցիալական անտարբերությանը եւ այլ խնդիրների։