Կիեւում ավարտվել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության կողմնակիցների ցույցը, որն անցկացվում է Մեծ Հայրենական պատերազմի թանգարանի հարեւանությամբ: Ակցիային շուրջ հազար մարդ է մասնակցել:

Կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն հերթական անգամ իշխանություններին մեղադրել է հակաժողովրդական քաղաքականություն վարելու, գների բարձրացման եւ քաղաքացիների համար արժանապատիվ աշխատանքի բացակայության մեջ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա նաեւ անհրաժեշտ է համարում առաջիկայում Գերագույն ռադայի վերընտրություն կազմակերպել: Սիմոնենկոյի կարծիքով, ուկրաինական ներկա իշխանությունը գործում է Արեւմուտքի, օլիգարխների շահերից ելնելով: Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է Դոնբասում դադարեցնել պատերազմը:

Լրագրողների հետ Սիմոնենկոյի զրույցի ժամանակ մի երիտասարդ նրա վրա կեֆիր է լցրել եւ դիմել փախուստի: Կոմկուսի ղեկավարը ոչ մի կերպ չի արձագանքել միջադեպին եւ շարունակել է շփվել մամուլի ներկայացուցիչների հետ: