Դավիթ և Հայկուշ Սաֆարյանների 20-ամյա ընտանիքում ապրիլի 24-ին ծնվեց 10-րդ երեխան` Դանիելը: 40-ամյա Հայկուշն իրեն երջանիկ մայր է համարում, իսկ վերջին զավակի ծննդյան օրը՝ խորհրդանշական. բազմանդամ եւ ամուր ընտանիքը, նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլերից մեկը կարող է լինել։
«Շատ էի հուզվել, երբ Դանիելս ծնվեց ապրիլի 24-ին, ես ինձ շատ երջանիկ եմ զգում, քանի որ ունեմ 10 առողջ երեխա` 6 աղջիկ ու 4 տղա»,- ասում է 40-ամյա բազմազավակ մայրը։
Սաֆարյանների առաջնեկը՝ Անդրանիկը,18 տարեկան է, այս տարի զորակոչվելու է բանակ, ավագ դուստրը՝ Աստղիկը, ուսանողուհի է, երեխաներից 5-ը դպրոցական են։
Բազմազավակ ծնողները, որոնք ակնհայտորեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, իրենց ֆինանսական վիճակի մասին չեն խոսում։ Փորձում են իրենց հնարավորության սահմանում երեխաներին արժանապատվորեն մեծացնել. բարի մարդկանց օգնությունից չեն հրաժարվում, բայց ոչ մեկից դրամական օգնություն կամ պարտք չեն խնդրում։
«Դավիթն աշխատում է օրական մինչեւ 12 ժամ, մի քիչ շատ է հոգնում, բայց դե ի՞նչ անենք: Պետությունից ստանում ենք 66 հազար դրամ նպաստ, փորձում ենք տնտեսել մեր գումարը, որպեսզի կարողանանք ապրել նորմալ և ուրիշներից պարտք կամ դրամական օգնություն չխնդրենք»,- պատմում է ընտանիքի մայրը։
Ընտանիքը պահելու համար ամուսինները ոչ մեկից գումար չեն խնդրում, բայց ուրախ կլինեին, եթե պետությունն աջակցեր դստեր կրթության հարցում։ Աստղիկն ուզում է ուսումը շարունակել բժշկական ուսումնարանում, մանկաբարձ դառնալ։
Մեծ ընտանիքը մեծ հոգսերին զուգահեռ նաեւ իր առավելություններն ունի. օգնող ձեռքը շատ է։ Մեծերն առայժմ միայն տնային գործերում եմ օգնում, բայց երազում են սովորել, աշխատել ու հոր հոգսը թեթեւացնել։
48-ամյա Դավիթ Սաֆարյանը չի դժգոհում. հոգնածության մասին մոռանում է, երբ ծանր աշխատանքային օրվա վերջին տանը նրան դիմավորում են 10 երեխաներն ու սիրելի կինը։
«Աստված եթե կամենա, 11-րդ, 12-րդ երեխան էլ կունենանք, այսքանին որ կարողանում ենք պահել, նրան էլ կպահենք: Միայն առողջություն ունենամ, կարողանամ աշխատել ու ընտանիքիս պահել, ուրիշ բան չեմ խնդրում Աստծուց»,- ասում է Դավիթը։











