Երեւանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ Էդվարդ Հայրապետյանը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ Էդվարդն ապրիլի 9-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայքերից տեղեկացել է, որ այս կամ այն քաղաքացին ցանկանում է վաճառել իր բջջային հեռախոսը, համակարգիչը կամ ֆոտոխցիկը, զանգահարում էր եւ երկկողմանի մուտք ունեցող շենքի մոտ պայմանավորվում: Հանդիպելով այդ քաղաքացուն՝ Էդվարդը տեխնիկան ստուգելու նպատակով վերցնում էր այն, մտնում շենք եւ մյուս մուտքով դիմում փախուստի: Այսպես, ապրիլի 9-ին Էդվարդը գողացել է 2 բջջային հեռախոս, 15 օր անց՝ 1 մլն դրամ արժողությամբ նոթբուք, իսկ մայիսի 1-ին 320 հազար դրամանոց բջջային հեռախոս:

Մայիսի 2-ին Էդվարդ Հայրապետյանը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա խոստովանական ցուցմունք է տվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: