ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել Սեֆիլյանի կալանավորումն ու առաջադրված մեղադրանքը: Այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում գեներալը նշեց, որ ինքը ոչ իրավաբան է, ոչ էլ ուժային կառույցի ներկայացուցիչ՝ մեկնաբանելու համար:

Լրագրողների դիտարկմանը, թե Ժիրայր Սեֆիլյանը, որը մասնակցել է Շուշիի ազատագրմանը եւ մեկ ամիս կալանքի տակ է եղել, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Դե բոլորը, էնքան մասնակից կա, գաղութների կեսն էսօր մասնակիցներն են նստած»:

Ինչ վերաբերվում է Սեֆիլյանի՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար լինելուն, Մանվել Գրիգորյանը նշեց, որ այդպիսի հաստիք ինքը չգիտի:

«Ես ութ տարի եղել եմ պաշտպանության փոխնախարար, բրիգադի, գումարտակի հրամանատար, շարքային զինվոր, եւ «առանձնակի գումարտակ» հաստիք չգիտեմ: Ես նման մարդ՝ առանձնակի գումարտակի հրամանատար, չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյանին գիտեմ»,- ասաց գեներալը:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Մայիսի 4-ին գլխավոր դատախազությունը Սեֆիլյանի եւ ընկերների խափանման միջոցը փոխեց՝ կալանքը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: