Ազատամարտիկներն այսօր՝ մայիսի 8-ին, Հանրապետության հրապարակում նշեցին Շուշիի ազատագրման տարեդարձը եւ պահանջեցին ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին: Ազատամարտիկների հավաքը սակավաթիվ էր, քանի որ նրանց մեծ մասը մասնակցում էր քաղաքապետարանի կազմակերպած միջոցառմանը ռեստորանում:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հավաքի տեղը պատահական չի ընտրվել:
«Տեղը խորհրդանշական է, քանի որ հենց այստեղ մենք սկսեցինք պայքարը մեր սոցիալական խնդիրների համար, սակայն արդյունքի չհասանք: Ազատամարտիկի իրավունքներն այսօր պաշտպանված չեն, եւ հարց է՝ դրանք մի օր պաշտպանված կլինեն, թե ոչ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Շուշիի ազատագրումը հայ ազգին ոգեշնչում տվեց, ազգային տեսակի ճանաչում եւ սեփական ուժերի հանդեպ վստահության ձեռքբերում:
«Շուշիի ազատագրմանը ես անձամբ չեմ մասնակցել, բայց իմ խմբից 15 տղաներ են մասնակցել եւ առաջին զոհերից մեկը ես եմ տվել: Այնուհետեւ ես մայիսի 8-ից հետո մասնակցել եմ Շուշիի ականազերծման գործընթացին»,-պատմեց Արա Խուդավերդյանը՝ հիշելով, որ Շուշիի ազատագրումը համազգային տոն էր դարձել բոլորի համար:
«Կոռնիձորի» հրամանատարը շնորհավորեց բոլոր ազատամարտիկներին եւ հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ բոլորը միասին կկարողանան նշել հաղթանակի օրը:











