Այսօր՝ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին, հատկապես պետք է խոսել սոցիալապես անապահով պայմաններում ապրող իրական ազատամարտիկների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը Հաղթանակի զբոսայգի էր այցելել ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հետ։
«Այսօր ունենք ազատամարտիկների մի մեծ խումբ, որոնք իրապես պատերազմի մասնակից նվիրյալներ են եղել, եւ ոչ թե ասֆալտի գեներալներ, իսկ այսօր մատնված են սովի։ Կարծում եմ, որ մենք լրջագույնս պիտի մտածենք այս խավի մասին, եւ այսօր հատկապես պետք է խոսենք հենց այդ՝ իրական ազատամարտիկների մասին, որոնցից շատերն այսօր արտագաղթել են, քանի որ չեն կարողացել արժանապատիվ կերպով պահել իրենց ընտանիքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան տոների կապակցությամբ։
ԲՀԿ կուսակցության անդամները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակի մոտ։











