Եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանը չլիներ, այսօրվա հաղթանակը չէր լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը, որը «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր գնացել՝ որդու տոնը շնորհավորելու։
«Եկել եմ Վազգենի հաղթանակը շնորհավորեմ։ Եթե ինքը չլիներ, էդ հաղթանակը չէր լինի։ Ինքը մեծ ուրախություն էր ապրում այդ օրը։ Նույնիսկ Շուշիի ազատագրման 5-ամյակին եւ 10-ամյակին ես էլ եմ իր հետ գնացել Շուշի՝ հաղթանակը տոնելու»,-ասաց Գրետա մայրիկը։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը՝ Սպարապետի մայրը նշեց, որ հանցագործությունը որքանով հնարավոր էր՝ բացահայտվել է։
«Ոճրագործներն ինձ չեն էլ հետաքրքրում, իրենք թուրք են, եթե թուրք չլինեին, էդ բանին չէին գնա։ Նրանք պետք է ժողովրդի կողմից մոռացության մատնվեն»,-ասաց նա։
Գրետա մայրիկը նոր հաղթանակներ մաղթեց հայ ժողովրդին։
«Մեզ միշտ հաղթանակ է պետք, ինչքան էլ վիճակը վատ լինի, եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, եթե ժողովուրդը նվիրված լինի, մենք կհաղթենք, քանի որ Վազգենի ոգին է նրանց մեջ»,-ասաց նա։











